Իսակովի պողոտայում 33-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել
Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցների հատման վայրում Երևանի բնակիչ 33-ամյա Արտավազդ Դ․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնային մայթի բազալտե եզրաքարերին, ապա բետոնե հենապատին և գլխիվայր հայտնվել էստակադայի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին և 2 ուղևորին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ովքեր սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։