Իսրայելն ու «Հեզբոլլահը» միմյանց հարվածներ են հասցնում
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի շրջանում «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների դեմ հարվածների մեկնարկի մասին։
ՑԱՀԱԼ-ի հայտարարության մեջ նշվում է, որ զինվորականները ստիպված են վճռական միջոցներ ձեռնարկել Իրանի կողմից աջակցվող խմբավորման դեմ։ Նշված շենքերի հարակից շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվել լքել տարածքը և շարժվել դեպի Զահրանի գետից հյուսիս։
Լիբանանի պետական NNA գործակալությունը հայտնել է, որ առավոտյան Տյուրի և քաղաքից արևելք գտնվող շրջանների ուղղությամբ առնվազն երկու շարք հարվածներ են հասցվել։ Գործակալության տվյալներով՝ հարվածներից մեկը հասցվել է քաղաքի շենքերից մեկին և հրդեհ առաջացրել։