Կարմիր խաչը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է անհետ կորած զինվորի մասին լուրը
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին չի կարող ոչ հաստատել և ոչ էլ հերքել տեղեկությունը անհետ կորած զինծառայողի գտնվելու մասին: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ հայաստանյան մասնաճյուղի լրատվության հետ կապերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ կողմերի հետ, բայց այս պահին որոշակի որևէ տեղեկություն չեմ կարող հայտնել», -ասաց Ամատունին:
Ավելի վաղ ԼՂՀ Գերիների պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը «Արմենպրեսս»-ին ասել էր, որ ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհետ կորած զինվորի մասին:
Նշենք, որ անհետ կորած զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից: