Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները. Միրզոյանը՝ Մեդվեդևի հայտարարության մասին
«Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են, Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլոր կապերը»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերություները Ռուսաստանի հետ։
Ըստ նրա, Հայաստանը տրամադրված է հակառակին. «Մենք տրամադրված ենք, ուզում ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»։
Հարցին՝ այդ դեպքում ինչի՞ համար են այդ հայտարարությունները, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, Միրզոյանը պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել, չգիտեմ, վստահ էլ չեմ: Շատ չեմ էլ հասցնում քարոզարշավի ընթացքում հետևել, բայց ենթադրում եմ՝ դուք էլ մասնագիտացած եք այդ ոլորտում, փորձեք ձեր ենթադրությունները անել»։