Փաշինյանը Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները. Վոլոդին
Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը կտրուկ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մեղադրելով նրան Մոսկվայի նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն վարելու մեջ։
Վոլոդինն իր Telegram ալիքում հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ հարգանքի, չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության վրա։ Սակայն նա պնդել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս գործողությունները չեն համապատասխանում այդ սկզբունքներին։
«Պետդումայի պատգամավորների կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քաղաքականություն է վարում՝ ցինիկաբար շահագործելով մեր երկրի առաջարկած հնարավորությունները։ Սա անազնիվ է», - ընդգծել է նա։
Վոլոդինը հիշեցրել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ աջակցել է Հայաստանին, այդ թվում՝ տնտեսապես, և որ հայ քաղաքացիները հնարավորություն ունեն աշխատելու և իրենց ներուժը իրացնելու Ռուսաստանում։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան չի կարող անտեսել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, այդ թվում՝ Եվրամիությանը նախնական անդամակցության մասին օրենքի ընդունումը և Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչելը։
Պետդումայի խոսնակի խոսքով՝ ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու Երևանի ցանկությունը հիմնականում պայմանավորված է տնտեսական շահով։
«Փաշինյանի՝ ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը եվրասիական տարածքը ֆինանսական շահույթի համար շահագործելու փորձ է», - հայտարարել է Վոլոդինը, նշելով, որ միությանը միանալուց հետո Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում Եվրոպայից գանձվող գնից գրեթե չորս անգամ ավելի քիչ գնով, բայց դրա դիմաց ստանում է Փաշինյանի չարությունն ու անազնվությունը։
«Սա չի կարող շարունակվել։ Սա հարաբերություններ կառուցելու միջոց չէ», - հայտարարել է Վոլոդինը։