Աբովյան քաղաքում առավոտից գազ չկա․ «Գազպրոմ Արմենիա»-ում ընդհատակ են անցել, ոչ մի հեռախոսազանգի չեն պատասխանում
Հայաստանում հանրությանը մատուցվող ծառայությունների որակի մասին տեղեկանում ես, երբ առնչվում ես դրանց անգործությանը գետնի վրա։ Թվում էր, թե «Վեոլիա ջուր» ընկերությունն անմրցելի է իր պարտավորություններն անբարեխիղճ կատարելու առումով։
Բայց, փաստորեն, «Վեոլիա»-ի պարագան, ինչպես ասում են, փառք է․ զանգահարելիս ժամը 18։00-ից հետո ինչ-որ մարդկանց երբեմն բախտ վիճակում է օպերատորին միանալ և իրենց հուզող հարցերը տալ։
Նրանց գերազանցել է «Գազպրոմ Արմենիան», որի զանգերի կենտրոնի կարճ համարը՝ 8044-ը, առանց ավելորդ սեթևեթանքների պատասխանում է, թե իրենք աշխատում են մինչև ժամը 18։00-ն։
Բանն այն է, որ, օրինակ, այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն իրազեկել է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում առավոտյան 9։30-ից մինչև 18։00-ն գազ չի լինելու։ Նախ նշենք, որ գազանջատում եղել է նաև քաղաքի այլ հասցեներում, քան իրազեկել է ընկերությունը։ Ժամը 22։20-ի դրությամբ գազամատակարարումը չի վերականգնվել։ Ընկերությունում թքած ունեն, թե քաղաքացիներից ստացվող հեռախոսազանգերի, թե ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունների վրա։