ՄԻՊ-ը քննարկել է ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Յանեժ Լենարչիչի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտրությունների գործընթացում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերելի գործառույթները և գործունեության հիմնական մեթոդաբանությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ շեշտել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն:Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության, փակ հաստատություններում ինքնասպանությունների և ինքնավնասումների մտահոգիչ խնդիրներին՝ ընդգծելով ոլորտների համակարգային բարեփոխման անհրաժեշտությունը։
Քննարկվել է նաև ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցության ապահովման հարցը անդրադառնալով ինչպես ոլորտում առկա առաջընթացին, այնպես էլ խնդիրներին։Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտային հարցերի ուղղությամբ։