Կռուիզային նավի ուղևորի մոտ հայտնաբերվել է վտանգավոր հանտավիրուսի հավանական դեպք
Կանադացի ուղևորներից մեկի մոտ, ով վերադարձել էր հանտավիրուսի բռնկում արձանագրած MV Hondius կռուիզային նավից, նախնական թեստով հաստատվել է վիրուսի առկայությունը։ Այս մասին հայտնել են Կանադայի առողջապահական պաշտոնյաները։
Բրիտանական Կոլումբիայի գլխավոր սանիտարական բժիշկ Բոնի Հենրիի խոսքով՝ վարակված անձը 70-ն անց զույգի անդամ է, որի մոտ մի քանի օր առաջ ի հայտ են եկել թեթև ախտանիշներ՝ ջերմություն և գլխացավ։ Զույգը ներկայումս հոսպիտալացված է Վիկտորիայում, գտնվում է մեկուսացման մեջ և բժիշկների վերահսկողության տակ։ Երկրորդ անձի թեստերը բացասական են եղել։
Հայտնի է, որ MV Hondius նավում հանտավիրուսի բռնկման հետևանքով արդեն երեք մարդ է մահացել։ Եթե կանադացի ուղևորի վարակը վերջնականապես հաստատվի, նա կդառնա նավի հետ կապված 10-րդ հաստատված դեպքը։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 12 վարակման դեպք։ Բժիշկները միաժամանակ շեշտել են, որ հանտավիրուսը չի համարվում համավարակային սպառնալիք և չի փոխանցվում այնպես, ինչպես COVID-19-ը։