Անկարայում Ադրբեջանի դեսպանը նշել է, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանը և կստորագրվի խաղաղության պայմանագիրը
Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել է, թե երբ կբացվի թուրք-հայաստանյան սահմանը։
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հայտարարության մեջ ադրբեջանցի դիվանագետը նշել է, որ սահմանները կբացվեն հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից և դրան հաջորդած սահմանադրական փոփոխություններից հետո։
Ռաշադ Մամեդովը նաև արձագանքել է այն պնդումներին, որ Թուրքիան ցանկանում է բացել իր սահմանները Հայաստանի հետ, սակայն Ադրբեջանը դեմ է դրան: Դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաքվի միջև շարունակվում են խորհրդակցությունները, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ընթանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ։
Նա հավելել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո սպասվում է, որ Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերաբերյալ փոփոխություններ կկատարվեն: Մամեդովը նշել է, որ այդ ժամանակ կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դեսպանն ընդգծել է, որ այս գործընթացի ավարտին, հայ-թուրքական սահմանների հետ մեկտեղ, կբացվեն նաև հայ-ադրբեջանական սահմանները: