Երևանում 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան խնջույքից հետո ծեծի է ենթարկվել. կա վիրավոր
Մայիսի 14-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քաջազնունի փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խսումբը Երվանդ Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, ով հայտնել է, որ վայր է ընկել շենքի աստիճաններից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաքսիմ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մասնակցել է իր ընկեր ոմն Դավիթի ծննդյան արարողությանը, որից հետո Երվանդ Քոչար 9 հասցեի մոտ հանդիպել է Դավիթի ընկերներին, ովքեր անհիմն վիճաբանել են իր հետ հարվածներ հասցրել իրեն, որից հետո ինքը փախել է դեպի Քաջազնունի փողոց, որտեղ իր հետ վիճաբանած երիտասարդներից մի քանիսը հետապնդել են իրեն, կրկին հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, պատճառել ֆիզիկական ցավ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։