«Զվարթնոց» օդանավակայանից դուրս եկած և անհետացած ռուս կինը հայտնաբերվել է
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած, ապա այնտեղից դուրս եկած և անհետացած ռուս կինը` Լյուդմիլա Լևանովան, հայտնաբերվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ռուս 69-ամյա Լյուդմիլա Լևանովան մայիսի 13–ի առավոտյան ժամանել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, դուրս է եկել այնտեղից, ապա անհետացել։ Նա Մոսկվայից պետք է Քիշնև մեկներ, ու Երևանում (որպես տարանցիկ քաղաք) պետք է մնար 1.5 ժամ։
«Համայնքային ոստիկանության «Զվարթնոցի» բաժինն ահազանգ է ստացել է կնոջ անհետանալու վերաբերյալ։ Տարված հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում կինը հայտնաբերվել է Արգավանդի ճանապարհին»,– ասացին նախարարությունից։
Հիշեցնենք` Լևանովայի դուստրը` Աննան, սոցցանցերում հայտնել էր, որ մայրը Մոսկվայից Երևան է ժամանել մայիսի 13-ին` առավոտյան ժամը 06։34-ին, «FlyOne Արմենիա» ավիաընկերության թռիչքով։ Թոշակառու կնոջը պետք է դիմավորեին օդանավակայանի ուղեկցորդները` տեղափոխման հարցում օգնելու համար։
Ըստ սոցցանցերում տարածված լուրերի` կինը տառապում է դեմենցիայով։