Սա մեկը մյուսի հետ կապ չունի․ Միրզոյանը՝ հայ–ռուսական հարաբերությունների մասին
ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը (նախընտրական քարոզարշավի ընթացքում գտնվում է արձակուրդում)` պատասխանելով հարցին, թե ինչպես է նա վերաբերվում հայտարարություններին, որ ՀՀ իշխանությունը փչացրել է հայ–ռուսական հարաբերությունները։
«Կարծում եմ` այդ մեղադրանքները, թե մենք փչացրել ենք հարաբերությունները առնվազն արդար չեն ու անհիմն են»,– ասաց Միրզոյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ–ն բոլոր ջանքերը գործադրել, գործադրում և ապագայում էլ գործադրելու է, որ ՌԴ–ի հետ ունենա նորմալ, գործընկերային, առողջ հարաբերություններ։
«Սա չի նշանակում, որ մեր արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնացած լինի միայն այդ ուղղությամբ։ Մենք ասել ենք, որ մեր մոտեցումը բալանսավորված արտաքին քաղաքականությունն է։ Այո՛, մենք ուզում են դիվեսիֆիկացնել բազմաթիվ բաներ, այդ թվում` տնտեսական կապերը... Սա մեկը մյուսի հետ կապ չունի»,– հավելեց նա։