Դպրոցների և ուսումնարանների մանկավարժներին ներքին կարգով հրահանգվել է չմասնակցել այլ ուժերի հանդիպումներին․ աղբյուր
Մինչ քարոզարշավի շրջանակում կազմակերպվող ՔՊ-ի հանդիպումներին Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և թողտվությամբ «գազելներով» ուսուցիչներ են բերում, կառավարությունից ներքին կարգով մեկ այլ հրահանգ է իջեցվել։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` ուսումնարաններում և դպրոցներում խիստ հրահանգ է իջեցվել չմասնակցել այլ ուժերի կողմից նախաձեռնված քարոզարշավներին ու հավաքներին։
Այլ կերպ ասած` գործում է երկակի ստանդարտներ։ Մի դեպքում ընդհանրապես արգելվում է ուսուցիչներին մասնակցել հավաքներին, իսկ ՔՊ-ի դեպքում՝ դա արվում է անգամ դասերի հաշվին՝ աշխատանքային ժամերին։
Վերջինիս անդրադառնալով, ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե իբր տեղյակ չէ, որ դասերի հաշվին են ուսուցիչները գնացել Փաշինյանի հետ հանդիպման։ Նա նշել է, թե կպարզեն հանգամանքները։
Իհարկե, սա տվյալ խնդրի շուրջ որևէ դիրքորոշում չհայտնելու արդարացում է։ Ակնհայտ է, որ բոլորը հասկանում են՝ Փաշինյանի հետ հանդիպումներն աշխատանքային ժամերին են։ Այսինքն՝ դասերի հաշվին։
Թե ինչ կհորինի նախարարը և ինչպես կհիմնավորի ուսուցիչների մասնակցությունը քարոզարշավներին՝ դեռ կտեսնենք։ Իսկ մինչ այդ, ուսուցիչների «գազելներով երթը» ՔՊ-ի հետ հանդիպման՝ չի ընդհատվում։
Արմինե Մկրտումյան