Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին Մոսկվայի կողմից աճող ճնշման պայմաններում. Մարտա Կոս
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հայտարարել է, որ Հայաստանի ապագայի և եվրոպական ինտեգրման ուղու ընտրության որոշումը պետք է կայացնի բացառապես հայ ժողովուրդը։
Կոսն այս հայտարարությունն արել է Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Հայաստանի և նրա եվրոպական ուղու ընտրության վերաբերյալ:
Կոսն ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին Մոսկվայի կողմից աճող ճնշման պայմաններում։
«Միայն հայ ժողովուրդը կարող է որոշել իր ապագան։ Եվրոպական քաղաքական համայնքի վերջին նիստը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին, թե որ ուղին են նրանք ցանկանում ընտրել։ Եվ Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը տեղյակ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական դինամիկայի մասին և շատ ուշադիր կհետևի զարգացումներին: