Մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում. Փաշինյանի ուղերձը
«2026 թվականի մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության պայմաններում։ Արդեն երկու տարի Հայաստան–Ադրբեջան հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր, մեր սահմանամերձ բնակավայրերն ապրում են հրաձգություններից զերծ միջավայրում։ Սա կարեւորագույն ձեռքբերում է, որ մեր երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք»,-մայիսյան եռատոնին նվիրված իր խոսքում մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է՝ այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռքբերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր եւ ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։
«Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով եւ զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, եւ այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին եւ սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-նշված է Փաշինյանի խոսքում։