Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մեղադրյալի կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա.Մ.-ն 2025 թվականի մայիսի 16-ին կայացած դատական նիստի ժամանակ, նույն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ, վիրավորել է դատավարության մասնակից հանդիսացող հանրային մեղադրողին, ինչպես նաև դատական նիստը նախագահող՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին:
Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։