Բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրականացնել հենվելով քաղաքական կամքի վրա, իրականացված են. Փաշինյան
«Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքերի պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը որպես գիտակցված որոշում որդեգրված է Հայաստանի ժողովրդի կողմից; Բայց նաև ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են»,-Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուտցիոնալ, օրենսդրական, փորձագիտական ու ավելի մեծ ներդրում, այդ առումով ԵՄ հետ համագործակցությունը շատ կարևորել է։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին տարբեր խնդիրների լուծմանը, այդ թվում հիբրիդային մարտահրավերներին դիմակայելուն ուղղված աջակցության համար։
«Ես առիթ ունեցել եմ տեսնելու, որ ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում, երբեմն՝ մամուլում խնդիր է ԵՄ տարբեր երկրներում։ Հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի՝ փորձի փոխանակում կամ ներդրված գործիքներին ավելի մեծ հասանելիություն տալով»,-ասել է Փաշինյանը։