Բոլոր հայտարարություններն արվում են, Ադրբեջանին և Ալիևի ռեժիմին հաճոյանալու համար. Մանե Թանդիլյան
«Այն, ինչ հայտարարել է Արսեն Թորոսյանը ծայրահեղ տգիտության դրսևորում է, քանի որ երբ վերացվում են մշակութային արժեքներ, այն տվյալ երկրի, ներքին ինքնիշխան հարցը չէ»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համատեքստում մարզահամերգային համալիրի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա նման կերպ արձագանքեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Ադրբեջանում հայկական մշակութային արժեքների ոչնչացումն այդ երկրի ներքին գործն է։
Թանդիլյանը նկատեց, որ մշակութային արժեքները համամարդկային արժեք են, իսկ Արսեն Թորոսյանն իրեն ամոթով է թողնում և Հայաստանը խայտառակ է անում աշխարհով մեկ։
«Այդ բոլոր հայտարարություններն արվում են, Ադրբեջանին և Ալիևի ռեժիմին հաճոյանալու համար, որպեսզի Հայաստանում պահպանվի այս իրավիճակը, որը նրանք կարողանում են վաճառել հայ ժողովրդի վրա, որպես խաղաղություն»,- ասաց Թանդիլյանը՝ պնդելով, որ ընտրություններից առաջ Ադրբեջանի լռությունը չի կարող ձևակերպվել խաղաղություն, այն արվում է միայն Փաշինյանի վերարտադրվելու համար, որից հետո Բաքուն կշարունակի ներկայացնել իր պահանջները։
«Խաղաղությունն անհրաժեշտ է, բայց այն արդյունք է վարած քաղաքականության, ոչ թե նպատակ, որովհետև երկրորդ դեպքում այն վերածվում է սեփական իշխանությունը պահելու միջոցի, ինչով, որ զբաղված են այսօրվա իշխանությունները»,- ասաց Թանդիլյանը։
Անդրադառնալով եվրոպական գագաթնաժողովին՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Եվրոպական երկրների առաջնորդների ներկայությունը Հայաստանում այլ կերպ ձևակերպել, քան միջամտություն հայ ժողովրդի ներքին ընտրությանը, հնարավոր չէ»։