Ինչ է լինելու, եթե դիմորդի միավորները չբավարարեն` անվճար տեղ զբաղեցնելու համար
Քննություններից ստացած միավորների հանրագումարով դիմորդը մասնակցում է իր նշած մեկ մասնագիտության ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ կամ ԱՆՎՃԱՐ տեղերի մրցույթին: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նա մանրամասնում է.
«Եթե միավորները չեն բավարարում` անվճար տեղ զբաղեցնելու համար, դիմորդն ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության ՎՃԱՐՈՎԻ տեղերի մրցույթին:
Դիմում-հայտում այդ մասին նշելու կարիքը չկա և նման պատուհան էլ չկա»։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2026 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։
Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննությունների գնահատականները պահպանելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: