Մակրոնի ազգականն անսպասելի հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի զարմիկ Ժան-Ալեքսանդր Տրոնիեն հայտարարել է, որ անհամբեր սպասում է իր ազգականի նախագահական ժամկետի ավարտին՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնց իր ընտանիքը բախվել է Մակրոնի նախագահ դառնալուց ի վեր։
«Ես անհամբերությամբ սպասում եմ 2027 թվականին։ Իհարկե, ես ակնկալում եմ, որ ամեն օրը կլինի քայլ դեպի ավելի մեծ ազատության, քանի որ հենց հիմա մենք տառապում ենք դրա բացակայությունից», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, «Լույսի դեմ» փոդքասթի ժամանակ ասել է Տրոնիեն՝ Բրիջիտ Մակրոնի (ծնունդով` Բրիջիտ Տրոնիե) ավագ եղբայրներից մեկի որդին։
Բրիջիտի զարմիկը, որը մինչև 2019 թվականը ղեկավարում էր «Ժան Տրոնիե» հրուշակեղենի ցանցը, ասել է, որ Մակրոնի նախագահ դառնալը բացասաբար է անդրադարձել ընտանեկան բիզնեսի վրա։ Ժան-Ալեքսանդրը պնդել է, որ Մակրոնի իշխանության գալուց հետո իր բիզնեսը կորցրել է արհմիությունների կողմից ղեկավարվող աշխատանքային խորհուրդների մեծ թվով պատվերներ, քանի որ նրանք չէին ցանկանում «հաճոյանալ նախագահին»։
Նա նշել է, որ որոշ մարդիկ փորձել են դիմել իրեն՝ ազդեցիկ ազգականի միջոցով իրենց խնդիրները լուծելու խնդրանքով։ Հետագայում իրավիճակը սրվել է, և, ըստ Ժան-Ալեքսանդրի, մարդկանց վերաբերմունքը իր ընտանիքի նկատմամբ հետաքրքրասիրությունից վերածվել է բացասականի, իսկ որոշ դեպքերում՝ ագրեսիայի։ Օրինակ՝ «Դեղին բաճկոնավորների» ցույցերի ժամանակ Տրոնիեի ընտանեկան բիզնեսի խանութները ենթարկվել են վանդալիզմի, իսկ որոշ աշխատակիցներ հեռացել են աշխատանքից վիրավորանքների պատճառով։