Պակիստանի զինված ուժերը Չաման սահմանային գոտում ոչնչացրել են աֆղանական զինվորականների մի քանի հսկիչ կետեր և տրանսպորտային միջոցներ։ Դրա մասին հայտնում է Dawn թերթը՝ հղում անելով երկրի ուժային կառույցների աղբյուրներին։

Ըստ այդ տվյալների՝ հարվածները եղել են ի պատասխան սահմանային գոտում աֆղանական ուժերի և զինյալների իրականացրած, ինչպես պնդում են, «չհրահրված ագրեսիայի»։ Պակիստանյան աղբյուրները նաև նշում են, որ «Գազաբ լիլ-Հաք» («Արդարացի ցասում») անվանմամբ ռազմական գործողությունն ուղղված է Աֆղանստանի տարածքում տեղակայված խմբավորումների դեմ և շարունակվելու է մինչև նպատակներին հասնելը։

Հաղորդվում է, որ սահմանին մարտական բախումները վերսկսվել են փետրվարի 26-ին։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ գործում են ի պատասխան իրենց տարածքին հասցված պակիստանյան ավիահարվածների։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերի միջև փաստացի հաստատվել է բացահայտ զինված դիմակայության վիճակ։