Հանրային քննարկման է դրվել որդեգրման նոր կարգի նախագիծը․ ի՞նչ է առաջարկվում փոխել
e-draft հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Որդեգրման և որդեգրման վերահսկողության իրականացման կարգերը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը նպատակ ունի արմատապես վերանայել ոլորտի գործող կարգավորումները։
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, և քննարկման ժամկետ է սահմանվել ապրիլի 20-ից մինչև մայիսի 6-ը։
Առանձնահատուկ կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է «համադրման» մեխանիզմին։ ArmLur.am-ը պարզեց, որ նախագծով որդեգրումը այլևս չի հիմնվելու միայն որդեգրել ցանկացող անձի ընտրության վրա։ Փոխարենը ներդրվում է երկփուլ համակարգ՝
- տեխնիկական փուլ,
- մասնագիտական փուլ։
Այս մեխանիզմով երեխայի և որդեգրողի համապատասխանությունը գնահատվելու է տարբեր չափանիշներով՝ երեխայի կարիքներ, ընտանիքի պայմաններ, հոգեբանական միջավայր և այլ գործոններ։ Նպատակն է ապահովել երեխայի լավագույն շահը և բացառել «ընտրության» սուբյեկտիվ մոտեցումները։