Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
«Երբ մենք բոյկոտի կոչ էինք անում՝ այստեղից կանգնած մեծաբերան հեգնում էիք, թե մեր մոտ բոյկոտը չի ստացվել, բայց այսօր հոնգուր-հոնգուր լաց եք լինում, որ մեր խոսքը տեղ է հասնում։ Այ էդ ձևով կմղկտաք»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Ավինյանի հայտարարությանը, թե բոյկոտի հետևանքով ուղեվարձի թերհավաքագրում է կատարվում։
Մանուկյանն ասաց, որ ՔՊ-ականներին շնորհավորում է «Իսակովյան լճի» կապակցությամբ։
«Էդ որ Իսակովի փողոցը փակեցիք, սարքում էիք, ընդամենը մի անգամ անձրև եկավ ու լիճ դարձավ այդտեղ, այդ լճի բացման կապակցությամբ ձեզ շնորհավորում եմ։ Բա լավ, էդ ճանապարհը, որ սարքում էիք, չէիք գիտակցո՞ւմ, որ այդտեղ առաջինը ջրահեռացում պետք է լինի։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ՝ լոբի»,-հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։
Արձագանքելով, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, թե ճանապարհը չի նորոգվել, այլ գծանշվել է։
Մանուկյանը հայտարարեց, որ ժողովուրդը չի ընդունում ՔՊ-ին, իսկ ընդդիմադիրներին սիրում է։
ՔՊ-ականները չհամաձայնեցին հնչած կարծիքի հետ։
Մեսրոպ Մանուկյան առաջարկեց միասին դուրս գալ փողոց և տեսնել քաղաքացիների վերաբերմունքն իր և ՔՊ-ականների հանդեպ։
«Վաղը չէ մյուս օրը, ժամը 12-ին Մալաթիայի Անդրանիկի արձանի մոտ սպասելու եմ ձեզ, մարտահրավերը նետված է»,-հայտարարեց Մեսրոպ Մանուկյանը։