Անհարմարություն է ստեղծվում, բայց մեթոդն արդյունավետ է․ Ավինյանը՝ ուղեվճարի հավաքման մասին
Երևանում 2 շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտի վալիդացիաների շնորհիվ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ ապրիլի 6-ին Տիգրան Ավինյանը կոչ արեց բոլոր ավտոբուսների վարորդներին ներգրավել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա ընդգծեց, որ հավաքագրման պրոցեսին վարորդների ներգրավվածության բացակայությունն անընդունելի է։ Շեշտեց, թե հավաքագրումից է կախված արտաժամյայի վճարումները։
«Երկու շաբաթում մենք հավելյալ 235 մլն դրամ գումար ենք հավաքել։ Սա համեմատում եմ նախորդ 2 շաբաթվա հետ։ Որքան էլ անհարմարություններ է ստեղծում մեր մեթոդը մարդկանց համար, այնուամենայնիվ, կարգապահության տեսանկյունից այն բավականին արդյունավետ է։ Փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մենք 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթում»,- ասաց Ավինյանը։