Աջափնյակի մետրոյի հարցով ամեն շաբաթ զանգելու եմ գործընկերներին՝ հոգնեցնելու, զզվեցնելու, մինչև չորս լոք առաջ գնա ծրագիրը. Ավինյան
Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է։ Սա Երևանի քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրն է, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա պահանջեց, որ շաբաթական ռեժիմով իրեն առաջինը զեկուցեն մետրոյի կայարանի կառուցման ծրագրի մասին։
«Սա նշանակում է, որ այսուհետ շաբաթական ռեժիմով առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին։ Սա նշանակում է նաև, որ ինքս անձամբ շաբաթական ռեժիմով զանգահարելու եմ գործընկերներին, գրություն ուղարկելու, հոգնեցնելու, զզվեցնելու այս թեմայով. ես դա իրականացնելու եմ։
Շաբաթական ռեժիմով ակնկալելու եմ, որ զեկուցեք կատարված աշխատանքների մասին, որպեսզի այս ծրագիրը մի քայլ, երկու քայլ, երեք քայլ, չորս լոնք առաջ գնա։ Սա դառնալու է նորմ, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,-ասաց Ավինյանը։