Սերժ Թանկյանը կոչ է արել աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել աջակցել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների ընտանիքներին: Ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով զոհված հայ մարտիկների մասին Փարոս հիմնադրամի հոդվածը՝ Թանկյանը կոչ է արել աջակցել նրանց ընտանիքներին: «Ըստ հետազոտությունների՝ ԱՄՆ կառավարությունը 100.000 ԱՄՆ դոլար է վճարում զոհվածների ընտանիքներին: Ադրբեջանում այդ ընտանիքները ստանում են 10.000 մանաթ (մոտավորապես 6700 դոլար): Հայաստանում և Արցախում զոհվածների ընտանիքները ստանում են ընդամենը 200.000 դրամ (մոտավորապես 480 դոլար):
Ինչպես տեսնում եք՝ Հայաստանում և Արցախում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսապես անապահով են: Այդ իսկ պատճառով ես որոշեցի աջակցել նրանց «Փարոս» հիմնադրամին, որը հասույթը 100 տոկոսով փոխանցում է տուժած ընտանիքներին: Ես ոգեկոչում եմ նրանց, ովքեր կցանկանան աջակցել նրանց: Եվ բոլոր այն ադրբեջանցիներին, որոնց Ադրբեջանի ԱԳՆ-ն շռայլորեն վճարում է իմ էջին վիրավորական կամ սադրիչ խոսքեր գրելու համար, տեղեկացնում եմ՝ ես ջնջելու եւ արգելափակելու կոճակները շատ եմ սիրում։ Խաղաղություն բոլորին»,- գրել է Թանկյանը:
Նշենք, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունների մասին հաճախ է բարձրաձայնում՝ իր խոսքն ուղղելով միջազգային հանրությանը։