Մի օրը Քոչարյան, մյուս օրը Կարապետյան՝ նույն սցենարը
Քաղաքական դաշտը Հայաստանում վաղուց արդեն հիշեցնում է բաց դռների օր՝ առանց պահակների, առանց հարց ու պատասխանի, առանց ամոթի։ Մարդիկ մտնում են, դուրս են գալիս, փոխում են «սկզբունքները» ինչպես վերարկու, ու ամեն անգամ ներկայացնում են դա որպես խորքային գաղափարական վերափոխում։ Իրականում՝ դա նույն հին պատմությունն է՝ ով որտեղ ավելի հարմար տեղ է գտնում, այնտեղ էլ «հավատում» է։
Երեկ մինչև վերջ «նվիրված» էին Ռոբերտ Քոչարյանին, այսօր արդեն նույն եռանդով, նույն կրքով ու նույն բառապաշարով պաշտպանում են Սամվել Կարապետյանին։ Ի՞նչ փոխվեց։ Գաղափա՞րը։ Չկա։ Ծրագրե՞րը։ Չկան։ Մնացել է միայն հին, փորձված մեխանիզմը՝ «որտեղ փող, այնտեղ հոգի»։
Ամենահետաքրքիրը հայտարարելու այդ մոլուցքն է։ Մարդը միացել է՝բրավո, անձնական ընտրություն է։ Բայց չէ, պետք է անպայման լուսանկար դնել, գրառում անել, այնպես ներկայացնել, կարծես ազգային-պետական ճակատագիր է որոշվում իր այդ քայլով։ Ի՞նչ ես ուզում ապացուցել։ Որ դու ավելի խելացի՞ ես։ Թե՞ պարզապես ուզում ես, որ նկատեն, գուցե վաղը մի բան «կպնի»։
Քաղաքականությունը դարձել է ոչ թե գաղափարների պայքար, այլ սպասարկման ոլորտ։ Ոմանք սպասարկում էին մեկ կենտրոն, հիմա՝ մյուսին։ Տարբերությունը միայն սեղանի վրա դրված գումարի չափն է կամ սպասվող շահույթի չափաբաժինը։ Իսկ «հավատարմությունը»… դա ընդամենը ժամանակավոր պայմանագիր է՝ առանց ստորագրության, բայց շատ կոնկրետ ակնկալիքներով։
Ու ամենազավեշտալին այն է, որ նույն մարդիկ, ովքեր երեկ իրենց կրծքով տալիս էին «նախկինների» համար, այսօր նույն թափով նոր «փրկիչներ» են գտնում։ Ոչ մի ինքնաքննություն, ոչ մի հարցադրում՝ «միգուցե սխալվել էի»։ Չէ, ամեն ինչ ներկայացվում է որպես ռազմավարական խորամանկ քայլ, մինչդեռ կողքից դա ավելի շատ նման է շուկայական առևտրի՝ ով ում ինչով կգնի։
Եվ այստեղ արդեն անունները երկրորդական են դառնում, բայց երևույթը՝ ողբերգական։ Այսօր Քոչարյան, վաղը Կարապետյան, մյուս օրը գուցե մեկ ուրիշ։ Իսկ հիմքում նույն դատարկությունն է՝ գաղափարի բացակայություն, արժեքների բացակայություն, պատասխանատվության բացակայություն։ Քաղաքականությունը վերածվել է անցումային բիզնեսի, որտեղ «կարիերան» կառուցվում է ոչ թե համոզմունքների, այլ կապերի ու հնարավորությունների վրա։
Վերջում մնում է միայն մի պարզ հարց՝ եթե ամեն ինչ վաճառքի է, ապա ինչո՞վ է տարբերվում քաղաքական գործիչը շարքային առևտրականից։ Գուցե միայն նրանով, որ ապրանքը այս դեպքում ոչ թե իրն է, այլ հանրության վստահությունը։ Իսկ դա արդեն ոչ թե սարկազմի թեմա է, այլ լուրջ ողբերգություն….
Քրիստինա Ավագյան