Դավիթ Մինասյանը կհոսպիտալացվի․փաստաբան
Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններն՝ ավելի ուշ։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպի գործով 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, թեև տղան առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, պաշտպանության կողմը պնդում է, որ տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Նա անգամ ուշագնաց է եղել «Արմավիր» ՔԿՀ չհասած, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։ Այսօր հայտնի դարձավ, որ տղային տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ՝ «Աբովյան», որտեղ պահվում են անչափահասները և կանայք։
Նշենք, որ Դավիթ Մինասյանն ընդամենը 2-3 ամիս առաջ է դարձել 18 տարեկան։ Աբովյան ՔԿՀ-ում այսօր նրա վիճակը վատացել է․ նրան տեղափոխել էին Աբովյան ԲԿ, այնուհետև՝ Նաիրի ԲԿ։