Բեռներ Հայաստան ուղարկելը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով շահավետ է բոլորի համար. Օվերչուկ
Ռուսական և ղազախական բեռներ երկաթուղով Հայաստան ուղարկելը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով օգտակար է բոլորի համար, ինչի մասին վկայում է բեռնափոխադրումների թվի աճը։
Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ռուսական և ղազախական բեռներ Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի միջոցով տեղափոխելու վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել բառացիորեն մի քանի օրվա ընթացքում:
«Երեսուն տարվա ընթացքում երկաթուղով Հայաստան ժամանած առաջին հացահատիկի խմբաքանակը ռուսական էր։ Այժմ սկսում են ժամանել պարարտանյութեր, և բեռների տեսականին ընդլայնվում է։ Սա օգտակար է բոլորի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի։ Բոլորն ունեն եկամտի նոր աղբյուր, և Ռուսաստանը անմիջական դեր ունի դրանում», - հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նա նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը հետաքրքրված է տարածաշրջանի երկրների միջև առևտրի զարգացմամբ և բեռնափոխադրումների հոսքի ավելացմամբ։
«Մենք շնորհակալ ենք Ադրբեջանին և Վրաստանին ԵԱՏՄ անդամ պետության ապաշրջափակման հարցում շատ կառուցողական և արդյունավետ համագործակցության համար», - հավելել է Օվերչուկը։