Գորիսում դանակահարել են քաղաքացուն, ջարդել մեքենայի ապակիները
Գորիսում դանակահարություն է տեղի ունեցել, որի մասին իրավապահները լռում են։ Այս մասին ահազանգում են գորիսեցներ, ովքեր խնդրի հետ կապված մանրամասներ են հայտնել` զանգահարելով NEWSPRESS.am-ի խմբագրություն։
Մեզ ահազանգած քաղաքացիները նշեցին, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 28-ին՝ Արցախյան խճուղում։ Ինչպես ականատեսներն են պատմել մեզ, քաղաքացուն ծեծի ենթարկողը դուրս է եկել մեքենայից, հարվածներ հասցրել նրան, ապա ջարդել նաև վերջինիս պատկանող մեքենայի ապակին։
Ականատեսները նկատել են, որ եղել են նաև դանակի հարցածներ։ Մեզ ահազանգող քաղաքացիները նաև անուններ տվեցին և ասացին, որ ծեծկռտուքը տեղի ունեցել անձնական խնդիրների շուրջ։
«Չգիտես ինչու են ոստիկանները լռում այդ մասին»,- ասաց մեր զրուցակիցը։
Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում և, թե ինչու են այդ մասին լռում ոստիկանությունում, կապ հաստատեցինք ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ։ Նա նշեց, որ նման հաղորդում կամ ահազանգ ՆԳՆ չի ստացել, բայց Գորիսի բաժնում որոշ տեղեկություններ գրանցվել են։
«Համայնքային ոտիկանության Գորիսի բաժնում կան օպերատիվ տեղեկություններ, որ մարտի 28-ին միջադեպ է տեղի ունեցել։ Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց Նարեկ Սարգսյանը։