Կիթառ են նվագել և, տաքանալու համար, շենքի ներսում գույք այրել. «Կանազ»-ի շենքի հրդեհի գործում կասկածվում են անչափահասներ. ՆԳՆ մամուլի խոսնակ
ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին, 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ:
Այս մասին տեղեկությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով հրդեհի առաջացման պատճառով կասկածվում են անչափահասներ:
«3 անձ, նախնական տվյալներով 3 անչափահաս, մտել են շենք, կիթառ են նվագել և, տաքանալու համար, շենքի ներսում գույք են այրել, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել: Այս պահին կատարվում է նախաքննություն», - մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Սարգսյանը: