Դանակահարություն Երևանի կենտրոնում
Այսօր` ապրիլի 8-ին, Երևանի պետական համալսարանի մոտ գտնվող տարածքում դանակահարություն է տեղի ունեցել:
Newspress.am-ի տեղեկություններով` մի խումբ երիտասարդներ, դեռևս չպարզված հանգամանքներում, վիճաբանություն են սկսել: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով 21-ամյա մի երիտասարդ վիրավորվել է:
Նրան անմիջապես տեղափոխել են «Հերացի» №1 հիվանդանոցային համալիր:
Այս մասին լուրը newspress.am-ի հետ զրույցում հաստատեց հիվանդանոցային համալիրի հիվանդների ընդունարանի աշխատակցուհին: Վերջինս տեղեկացրեց, որ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ.-ին ծնված Ազատ Աբրահամյանը: հիվանդանոցում ուշքի չգալով` նա մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական միջոցառումներ` դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել բազմաթիվ վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ:
Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ: