Թրամփն ինքն է որոշում կայացրել Իրանում գործողություն սկսելու մասին. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժեց այն տեսությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին հարվածելու որոշում է կայացրել Իսրայելի ազդեցության տակ։ Նեթանյահուն ասաց, որ Սպիտակ տան գործող նախագահը բոլոր որոշումները կայացնում է ինքնուրույն։
«Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ կարող է նախագահ Թրամփին ասել, թե ինչ անի։ Դե ինչ։ Նախագահ Թրամփը միշտ որոշումներ է կայացնում՝ հիմնվելով նրա վրա, թե ինչն է նա համարում լավ Ամերիկայի համար», - հայտարարեց Իսրայելի վարչապետը մամուլի ասուլիսում։
Նեթանյահուն հիշեցրեց, որ ինքն անձամբ ավելի քան 40 տարի հրապարակավ խոսել է Իրանից բխող ենթադրյալ սպառնալիքի մասին, և Թրամփը, նրա խոսքով, նույնպես տարիներ շարունակ բարձրաձայնել է այս գաղափարը։
Նա հավելեց, որ Իսրայելը և ԱՄՆ-ն գործում են համատեղ Իրանի դեմ։