«Պատերազմի հետևանքները կհասնեն բոլորին». Իրանը զգուշացնում է աշխարհին
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին միջազգային հանրությանը կոչ է արել միավորվել և ընդդիմանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, իր բնորոշմամբ, «անարդար պատերազմին»։
Արաղչին իր X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ նշել է, որ գնալով ավելանում են այն ձայները, այդ թվում՝ եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների շրջանում, որոնք հայտարարում են, որ Իրանի դեմ պատերազմը անարդար է։
«Ավելի շատ միջազգային դերակատարներ պետք է հետևեն այս օրինակին»,- գրել է նա՝ հավելելով, որ գլոբալ հետևանքների ալիքը դեռ նոր է սկսվում և այն կազդի բոլորի վրա՝ անկախ հարստությունից, կրոնից կամ ռասայից։
Իրանի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթի հրաժարականի նամակին, որում վերջինս քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները։