Ուկրաինայում Իրանի դեսպանը ծաղրել է անօդաչուների ոչնչացման հարցում Կիեւի օգնության առաջարկը
Ուկրաինայում Իրանի դեսպան Շահրիար Ամուզեգարը մեկնաբանել է աջակցության առաջարկը, որն արել է Կիեւը՝ դիմելով Միացյալ Նահանգներին եւ Պարսից ծոցում նրա դաշնակիցներին, գովազդելով Ռուսաստանի կողմից արձակված իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի ոչնչացման իր փորձը։
«Ինչ վերաբերում է այն գործողություններին, որոնք Ուկրաինան ձեռնարկում է Մերձավոր Արեւելքում անօդաչուների դեմ, մենք դրանք, ըստ էության, համարում ենք ոչ այլ ինչ, քան կատակ եւ ցուցադրական ժեստ»,- AFP գործակալության հարցազրույցում ասել է Ամուզեգարը։
«Ցավոք, Ուկրաինան այժմ փաստացի մտել է մեզ հետ անմիջական բախման փուլ, ինչը նշանակում է, որ նա անցել է մեր թշնամիների կողմը»,- ավելացրել է Ամուզեգարը։
Այս ամիս ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան ռազմական փորձագետներ կուղարկի Պարսից ծոցի երկրներ։
Նա նաեւ ուղարկել է գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովին՝ Պարսից ծոցի երկրներին ուկրաինական անօդաչու թռչող սարքեր վաճառելու համար։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելով՝ «Ուկրաինան իր տարածքը վերածել է Իրանի թիրախի»։