Բաքվում նշել են, որ Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանին տարեկան 3 միլիարդ դոլարի տարանցիկ եկամուտ կբերի
Ադրբեջանը կարող է մոտ ապագայում տարեկան մինչև 3 միլիարդ դոլար եկամուտ ստանալ, եթե Միջին միջանցքով տեղափոխվող բեռների 10-15%-ը անցնի Զանգեզուրի միջանցքով։
Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի անդամ Վուգար Բայրամովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Միջին միջանցքի ընդլայնման վերաբերյալ 13-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ արված հայտարարությունները։
Նա նշել է, որ տարածաշրջանային աշխարհաքաղաքական սպառնալիքները սրվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո։
«Այս ամենը հրատապ է դարձնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը։ Երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական տարրերից մեկը Զանգեզուրի միջանցքի շահագործման հանձնումն է։ Այս միջանցքի մաս կազմող Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղու կառուցումը կօգնի վերականգնել Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապերը», - ասել է նա։