Հանվել է երեքից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորման արգելքը․ ԿԸՀ նախագահ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն, հանվել է երեքից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորման արգելքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նրա խոսքով, նոր կարգավորումների համաձայն՝ առաջին 9-օրյա ժամկետում դաշինք կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին:
«Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին՝ միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել «փոքրամասնության կառավարություն» կամ «փոքրամասնության կոալիցիա» ձևավորելու: Դրա վառ օրինակն էր Գյումրին, երբ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը միավորվեցին, և ձևավորվեց կոալիցիա: Արդյունքում՝ առավել ձայն ստացած քաղաքական ուժն այդ կոալիցիայից դուրս մնաց, այսինքն՝ կառավարումը ստանձնեց փոքրամասնության կոալիցիան»,- ասաց Վահագն Հովակիմյանը և հավելեց, որ ԱԺ ընտրությունների պարագայում այս կարգը ևս կգործի: