NEWSPRESS.am-ի հրապարակումից հետո աշխատանքից ազատել են նախկին ոստիկանապետի «լավագույն օպերլիազոր»-ին
NEWSPRESS.am-ը գրել էր, որ 2021 թվականին Արամ Հովհաննիսյանի ղեկավարած ոստիկանությունում լավագույն օպերլիազոր ճանաչված Հրաչ Միրոյանն զբաղվել է ապօրինի գործունեությամբ։ Մասնավորապես գրել էինք, որ մեր տեղեկություններով, ոստիկանության պաշտոնյան զենք է վաճառել, հետախուզվողների է թաքցրել, հովանավորել բառիկներին, հարստացել է ու թանկարժեք մեքենաներ գնել։
Նշել էինք նաև, որ օպերլիազորներն այս տեղեկությունները զեկուցել են ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանին։ Վերջինս իր մոտ է կանչել Միրոյանին և հորդորել անաղմուկ ազատման դիմում դրել․ վերևներում փորձել են խուսափել ավելորդ խոսակցություններից։
Այլ կերպ ասած, Միրոյանի ազատումը ցանկացել են ծածկադմփոց անել, հավանաբար, ավելորդ խոսակցություններից ու քննադատություններից խուսափելու համար՝ աչքից ու ականջից հեռու։
NEWSPRESS.am-ին հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո, ժամեր անց, Միրոյանի ազատման հրամանը ստորագրվել է, և նա հեռացվել է համակարգից։
Այստեղ միայն հարց է առաջանում՝ ՆԳՆ-ն կաբավարարվի կարգազանց «օրինապահին» աշխատանքից հեռացնելո՞վ, թե՞ նաև կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ։