Քանի դեռ չի ավարտվել տարածաշրջանային այցը վաղ է խոսել արդյունքների մասին
ԼՂՀ նախագահի նստավայրում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը նախագահ Բակո Սահակյանի հետ:
Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը:
Լրագրողների հետ ճեպազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսատանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ առայժմ՝ քանի դեռ չի ավարտվել տարածաշրջանային այցը վաղ է խոսել արդյունքների մասին:
Համանախագահի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին՝ նախորդել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած նիստը, որտեղ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու լարվածության սրացումից դուրս գալու ուղիները:
Այնուհետև, երեկ Մինսկի խումբը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, որոնց շրջանակներում քննարկվել են առաջնագծում լարվածության աճի կարգավորման համար անհետաձգելի առաջնահերթ քայլերի ձեռնարկման և մի շարք հումանիտար խնդիրների վերաբերյալ հարցեր:
Այստեղ նույնպես նմանատիպ հարցերի շուրջ հանդիպել և քննարկումներ ենք ունեցել քաղաքական ու ռազմական ղեկավարների հետ: Վաղը մենք նախատեսում ենք հանդիպել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու մի շարք հումանիտար հարցեր, որից հետո մեկնելու ենք Երևան: Այնտեղ մենք նպատակ ունենք հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարարի հետ, ով Երևանում կլինի վաղը երեկոյան, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի հետ, որից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ և կպատասխանենք բոլոր հարցերին»,- ասել է Իգոր Պոպովը: