Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կոչնչացնեն մեզ բոլորիս. Ալեքսանդր Վուչիչ
Սերբիան թույլ չի տա, որ նավթի գներն անվերահսկելիորեն բարձրանան։ Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա նշել է, որ Իրանում լարվածության պատճառով վառելիքի գները չեն կարող անվերահսկելիորեն բարձրանալ, և համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։
«Իմ մոտեցումն այն է, որ հաջորդ ամսվա ընթացքում որոշենք սուբսիդավորման մեխանիզմներ, քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ գները անվերահսկելիորեն բարձրանան։ Գազի գները բարձրացել են, գազ չի մնացել, և Կատարը փակել է գազի ծորակը», - նշել է նա։
Սերբիայի նախագահը ընդգծել է, որ ներկայիս լարվածությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նավթի և գազի գների վրա։ Նա հավելել է, որ այս հարցը կքննարկի ֆինանսների և էներգետիկայի նախարարների հետ։
«Մենք մտնում ենք չափազանց դժվարին շրջան։ Եթե սա շարունակվի, դա բառացիորեն դժոխք կլինի Եվրոպայում բոլորի համար։ Եթե Հորմուզի նեղուցը չբացվի, նավթի գները կոչնչացնեն մեզ բոլորիս», - հայտարարել է Վուչիչը։