Հետաձգված կյանքը դատարկ կյանք է. Տեր Աբրահամ
Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը նշում է՝ Մեծ Պահքի այս ընթացքը թող չլինի պարզապես օրացուցային մի շրջան, այլ դառնա քո ՀԻՄԱ-ն։
Տեր Հոր խոսքով՝ վաղվա օրվա տերը մենք չենք, բայց այս պահի պատասխանատուն մենք ենք։
«Մեծ Պահքի այս խորհրդավոր օրերին Պողոս առաքյալի պատգամը հնչում է որպես հրատապ հրավեր. «Ահա՛ հիմա է ընդունելի ժամանակը, ահա՛ հիմա է փրկության օրը» (Բ Կորնթ. 6:2):
Մենք հաճախ ապրում ենք այն պատրանքով, թե ժամանակը մեր ձեռքերում է։ Մենք հետաձգում ենք ապաշխարությունը, հետաձգում ենք ներումը, հետաձգում ենք Աստծուն փնտրելու պահը՝ կարծելով, թե «վաղը» միշտ լինելու է։
Մենք չգիտենք՝ ինչ կբերի հաջորդ վայրկյանը։ Վաղվա օրվա տերը մենք չենք, բայց այս պահի պատասխանատուն մենք ենք։
Պահքը «հիմա»-ի մասին է. Մեծ Պահքը մեզ սովորեցնում է ապրել ներկայով։ Փրկությունը ոչ թե հեռավոր նպատակակետ է, այլ ընթացք, որը պետք է սկսել հենց այս վայրկյանին։
Հետաձգված կյանքը դատարկ կյանք է. ամեն անգամ, երբ ասում ենք «հետո կաղոթեմ» կամ «հետո կզղջամ», մենք փակում ենք շնորհի դուռը մեր առջև։
«Մի՛ փնտրիր ավելի հարմար ժամանակ Աստծուն գտնելու համար։ Չկա ավելի հարմար պահ, քան այն վայրկյանը, երբ քո սիրտը բաբախում է»։
Մեծ Պահքի այս ընթացքը թող չլինի պարզապես օրացուցային մի շրջան, այլ դառնա քո ՀԻՄԱ-ն։ Մի՛ վստահիր անորոշ վաղվան, վստահիր Աստծուն այսօր»,- նշել է Տեր Աբրահամը։