Տոպրակի կտոր՝ «Աթենք»-ի նագգեթսի մեջ․ «Աթենք»-ից արձագանքել են ահազանգին
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ «Աթենք» ընկերության արտադրած նագգեթսի մեջ տոպրակի կտոր է հայտնաբերել։
«Աթենք» ընկերությունն արձագանքել է գրառման մեկնաբանություններում։
«Տեղի ունեցածը մեզ համար խիստ անընդունելի է։ Մեր ընկերության համար սննդի անվտանգությունը սոսկ ստանդարտ չէ, այլ բացարձակ արժեք, խորապես ցավում ենք, որ այս դեպքը ստվերել է մեր սպառողների վստահությունը։
Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ և մեր ողջ հանրությանը, որ Ձեր ահազանգից անմիջապես հետո մեր Որակի վերահսկման բաժինը ձեռնարկել է արտադրական շղթայի ամբողջական վերստուգում։ Իրականացվում է տվյալ խմբաքանակի արտադրական շղթայի մանրակրկիտ քննություն՝ տեխնիկական թերացման ճշգրիտ պատճառը պարզելու համար։ Մենք արդեն իսկ իրականացրել ենք անձնակազմի հրահանգավորում`արտադրության յուրաքանչյուր փուլում նման դեպքերը իսպառ բացառելու համար։
Սիրելի հաճախորդներ, մենք երբեք չենք խուսափում պատասխանատվությունից և շնորհակալ ենք Ձեզ՝ մեզ ավելի լավը դառնալու հարցում օգնելու համար։ Մեր թիմի ամենօրյա աշխատանքի նպատակը մեկն է՝ մեր սեղաններին հասնի բացառապես անվտանգ և որակյալ սնունդ»։