Պակիստանը հայտարարել է 297 աֆղան զինվորի մահվան մասին
Պակիստանի ուժերի հետ բախումների ժամանակ զոհված աֆղան զինվորների թիվը հասել է առնվազն 297-ի, ավելի քան 450-ը՝ վիրավորվել են:
Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը։
Նրա խոսքով՝ ավիահարվածները թիրախավորել են հարևան երկրում գտնվող 29 թիրախ։ Պակիստանի բանակը ոչնչացրել է 89 աֆղանական անցակետ, ևս 18-ը վերագրավվել են։ Բացի այդ, վնասվել է ավելի քան 135 ռազմական մեքենա, այդ թվում՝ տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանի։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի երեկոյան Պակիստան-Աֆղանստան սահմանին վերսկսվել են մարտական գործողությունները։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում ի պատասխան Աֆղանստանի տարածքում վերջերս իրականացված պակիստանյան ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտարարել է, որ իր երկիրը և Աֆղանստանում գտնվող թալիբների կառավարությունը այժմ գտնվում են բացահայտ զինված բախման վիճակում։