Արթուր Նահապետյանը խուսափեց գնահատական տալ՝ Փաշինյանի կնոջ խոստումները բարեգործության արգելքից դո՞ւրս են, թե՞ ոչ
«Ձեր հարցը պատասխան չունի»։ Այսպես պատասխանեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը լրագրողների հարցին, թե՝ վտա՞նգ է տեսնում, որ եթե Աննա Հակոբյանի դեպքով որևէ հայտարարություն անի՝ կարող է Նիկոլ Փաշինյանը նրան «Վոթսափով» նամակ ուղարկել։
Արթուր Նահապետյանը խուսափեց գնահատական տալ՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ անգլերենի դասերի մասին խոստումները բարեգործության արգելքից դո՞ւրս են, թե՞ ոչ։
«Այս պահին ես կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում իմ ասածը չկանխորոշվի իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221-րդ հոդված, որը բարեգործության արգելքը խախտելու հոդվածն է, այն, ըստ էության, գործում է, երբ նախագահը հրամանագիր է ստորագրում ու նշանակում է ընտրության օր, այդ պահից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփումը, մենք գործ ունենք բարեգործության արգելքի հետ»,- նշեց նա։
Նահապետյանը հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի կնոջ դեպքով հաղորդում չկա կոմիտեում։
«Եթե ունենանք հաղորդում կամ ստուգողական գործողություններ, մենք կկայացնենք համապատասխան որոշում ու հանրությունը պատշաճ կիրազեկվի»,- նշեց նա։