Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է՝ ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության խիստ սահմանափակումները չեն համապատասխանում ժողովրդավարության կանոններին. Ռոբերտ Հայրապետյան
Մի գիշերվա մեջ Հայաստանում բոլորը հանկարծ դարձան սահմանադրագետ, պատճառն այն փաստն է, որ ազգային բարերար Սամվել Կարապետյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Ցիտեմ բառացի՝ միայն ՀՀ քաղաքացիության և մշտական բնակության խիստ սահմանափակումները չեն համապատասխանում ժողովրդավարության կանոններին, սա նոր հորինված դավադրություն չէ, սա ընդամենը հարց է, որի վերաբերյալ վաղուց աղաղակում են միջազգային կազմակերպությունները: Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, քննարկման առարկա է դարձրել և հանձնաժողովի նիստերում արձանագրել, որ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի հայտնած մտահոգությունները, ՀՀ Սահմանադրությունից և համապատասխան օրենքներից պետք է վերացվեն միայն ՀՀ քաղաքացիության և ՀՀ-ում մշտապես բնակվելու ցենզերը: Այն ժամանակ սա կոչում էին սահմանադրական բարեփոխում, իսկ հիմա, չգիտես ինչու՝ ազգային աղետ:
Ի՞նչ է փոխվել, իրավու՞նքը, ոչ, փոխվել է ընդամենը թեկնածուի անունը:
Ո՞րն է խնդիրը, որ այսօր, սահմանադրական այս աղմուկի մեջ՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Փաշինյանի թիմն անընդհատ թմբկահարում է, որ Սահմանադրությունն արգելում է այս կամ այն թեկնածուին դառնալ ՀՀ վարչապետ»,- նշել է նա: