Հաց և տեսարաններ. քաղաքական վերլուծաբանը՝ մարտի 1-ի գործով զարգացումների մասին
«Վալերի Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին (Բազազ) մարտիմեկյան գործով մեղադրանքի առաջադրումը, ինչպես արդեն բնորոշել եմ ֆեյսբուքյան հարթակում՝ հաց եւ տեսարաններ բանաձեւի շրջանակում է անկասկած»,-նման կարծիքի է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նրա խոսքով, դրանից զատ այստեղ իհարկե կա թերեւս այլ ասպեկտ:
«Նրանք նախկին բարձրաստիճան ոստիկաններ են, որոնք այդ իմաստով որոշակի ընտրական ռեսուրս են: Թե Օսիպյանը, թե Մելքոնյանը ոստիկանության համակարգում իհարկե ունեն իրենց այսպեսասած համակրողների շրջանակներ, որոնք կարող են ընտրական պրոցեսում կողմնորոշվել ըստ այդ երկու անձանց կողմնորոշման:
Մե՞ծ է այդ ծավալը, թե՞ փոքր, չունի ոչ մի էական նշանակություն: Նիկոլ Փաշինյանի առաջ ընտրական առաջադրանքը այսօր ունի այնպիսի բարդ կառուցվածք, որ նրա համար չափազանց կարեւոր է անգամ տասը ձայնի այս կամ այն կողմ լինելը:
Միեւնույն ժամանակ, խոսքը նաեւ երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի մասին է, որոնք առանցքային դեր են ունեցել ոչ թե 2008 թվականի Մարտի 1-ին, այլ 2016 թվականի հունիսյան ՊՊԾ գնդի իրադարձությունների, եւ 2018 թվականի իրադարձությունների շրջանակում: Նրանք կարո՞ղ են լինել այնպիսի ինֆորմացիայի կրող, որի որեւէ հանրայնացում կարող է այդքան էլ հաճելի չլինել Նիկոլ Փաշինյանին նախընտրական շրջանում: Համենայն դեպս, ես չէի բացառի նաեւ այդ մոտիվը՝ կախել Դամոկլեսյան սուրը, որպեսզի նրանք շատ երկար մտածեն, մինչ նախընտրական շրջանում որեւէ բան խոսելը»,-նշում է նա։