Ինչո՞ւ սպասել, որ աղն ու ավազն իրենց գործն անեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
«Բնակավայրերի փողոցներն ու մայթերը վերջապես սկսում են ազատվել ձյան ու սառույցի կուտակումներից։ Տարբեր գուներանգներ ստացած աղախառն ավազը կամաց տարրալուծվում է, փոխակերպվում։ Աղը լուծվելով ջրի մեջ՝ հեռացել է ջրատար համակարգերով, իսկ ավազը մնացել է փողոցներում ու մայթերին։ Թվում է՝ մեծ խնդիր չէ։ Սակայն ավազը, բացի նրանից, որ խորթ է բնակավայրերի գեղագիտական տեսքին եւ անհարմարություններ է ստեղծում հետիոտնի համար, վնասում է կոշիկների ներբանները, մեքենաների անվադողերը։ Ավազը չի հալվում, չի քայքայվում եւ չի անհետանում արեւի ու անձրեւի ազդեցությամբ։ Այն ջրի հետ ներթափանցում է ջրահեռացման համակարգեր, կուտակվում, խցանումներ ստեղծում։ Իսկ դրանց վերացումը պահանջում է ժամանակ, տեխնիկական միջոցներ, աշխատուժ եւ լրացուցիչ ֆինանսական ծախսեր։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ խնդիրը թողնել, որ բարդանա, ինչո՞ւ սպասել, որ ավազն իր «սեւ գործն» անարգել կատարի, անհրաժեշտ է ժամանակին մաքրել այն։ Եվ ավազը մաքրել- հավաքելն ակնհայտորեն ավելի քիչ ծախսատար է, քան հետագայում ջրահեռացման համակարգերի մաքրումն ու վերականգնումը։ Թերեւս փոքր խնդիր է, սակայն հենց այդ պատճառով էլ լուծելի է` արագ եւ առանց մեծ ջանքերի։ Կոչը հասցեագրված է համայնքապետարաններին, որոնք պետք է ժամանակին նկատեն խնդիրը եւ լուծեն, քանի դեռ փոքր անհարմարությունը չի վերածվել խոշոր ծախսի ու մեծ հիմնահարցի»: