Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը. ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Սևակ Պողոսյանը, ներկայացնելով Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Արմավիրի մարզում նախաձեռնվել է 3669 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3671 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1,310 քրեական վարույթ՝ 1,345 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1,307 քրեական վարույթ՝ 1,374 անձի վերաբերյալ): Նշված վարույթներից 92-ը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:
Այս համատեքստում Արմավիրի մարզի դատախազն ընդգծել է, որ 2025 թվականին մարզում գրանցված սպանության բոլոր 7 դեպքերը բացահայտված են, դրանցից 5-ն ուղարկված են դատարան:
2025 թվականին դատարաններում ավարտվել է 1,050 քրեական գործ՝ 1,085 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 986 քրեական գործ՝ 1,050 անձի վերաբերյալ):
Արմավիրի մարզի դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 171 միլիոն 293 հազար դրամ:
Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքում 2025 թվականին վերադարձվել է 6 միլիոն 750 հազար դրամ, դատարան է ներկայացվել 8 քաղաքացիական հայց. բոլոր հայցերը դատարաններում քննության փուլում են: Հայցերից բացի, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության կողմից իրականացվում է 12 ուսումնասիրություն:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին և դատախազության դատախազներին՝ ուղղված մարզում քրեական քաղաքականությունը խստացնելուն, հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն: