Կուբայում նավթային էմբարգոյի պատճառով ինքնաթիռների համար նախատեսված վառելիքը սպառվում է
ԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ սահմանված նավթային էմբարգոն ավելի ու ավելի մեծ խնդիրներ է ստեղծում։ Ավիացիոն իշխանությունները արգելել են տարածաշրջանում թռչող բոլոր ինքնաթիռներին վայրէջք կատարել կղզում՝ վառելիք լցնելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Վառելիքի պակասը խաթարել է Կուբայի զբոսաշրջության ոլորտում կարևոր դեր ունեցող երկարատև չվերթները, իսկ Air Canada-ն երկուշաբթի օրվանից ամբողջությամբ դադարեցրել է դեպի կղզի իր չվերթները։
Կուբացիները կկարողանան միաժամանակ գնել ոչ ավելի, քան 20 լիտր վառելիք և միայն դոլարով։ Հասարակական տրանսպորտը գործում է զգալի ընդհատումներով, շատ ավտոբուսներ ընդհանրապես չեն աշխատում։ Տեղի բնակիչները փորձում են հարմարվել արտակարգ իրավիճակին։