Սա է Հայաստանում տնտեսական քաղաքականության մասշտաբը ու տրամաբանությունը. Հակոբ Բադալյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե այսուհետ Հայաստան տարեկան կհրավիրվի երկու համաշխարհային աստղ՝ համերգ տալու: Ըստ նրա, դա զբոսաշրջության զարգացման խթան է:
«Շատ խոսուն պատկեր է: Սա է Հայաստանում տնտեսական քաղաքականության մասշտաբը ու տրամաբանությունը: Կառավարությունը զբաղված է աստղերի համերգներ կազմակերպելով: Երկիր խոշոր արտաքին ներդրումներ ներգրավելու կարողություն չունեցող կառավարությանը բնականաբար մնում է հրավիրել աստղեր եւ ապահովել տեսարաններ»,-ՔՊ-ական նախարարի հայտարարությանն արձագանքում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա ընդգծում է՝ բացարձակապես դեմ չէ, որ համաշխարհային աստղերը համերգներ ունենան Հայաստանում, թեկուզ տարեկան տասը անգամ:
«Ավելին, ես կարծում եմ, որ այդ հանգամանքը իսկապես կարեւոր է ոչ միայն զբոսաշրջության ոլորտի համար, այլ ընդհանրապես հանրության աշխարհայացքի ընդլայնման: Համաշխարհային աստղերը՝ ինչպես էլ յուրաքանչյուրս վերաբերվենք դրանցից յուրաքանչյուրին, ամեն մեկը յուրովի մի ինդուստրիա է՝ տքնաջան ու համառ աշխատանքի, գերկազմակերպվածության, տաղանդի, մշակույթի, արվեստի, տնտեսության ու մենեջմենտի համադրության օրինակներ, որոնք նաեւ ուսանելի են:
Բայց, այդ ամենը պետք է իրականացվի ոչ թե պետական մակարդակով, այլ ձեւավորվեն համապատասխան միջավայր, պայմաններ, որ այդ գործունեության պարարտ դաշտ լինի մասնավորի համար: Խոսքը այդօրինակ գործունեության համար նպաստավոր հարկային եւ այլ ռեժիմների սահմանումն է, խթանելով նաեւ որոշակի մրցակցայնություն: Դա է պետության անելիքը, ոչ թե հարկատուների փողերով աստղ հրավիրելը».-նշում է Բադալյանը։